Ուսուցիչ
[info]har8un
    Ես սովորել եմ վաղուց, այժմ արդեն գոյություն չունեցող Խորհրդային դպրոցում, հեռավոր, կորած-մոլորած գյուղում: Դրա համար էլ ինձ համար անսովոր, նույնիսկ անհասկանալի է այժմեական, մայրաքաղաքային դպրոցներում տիրող վարք ու բարքը, գրված ու չգրված օրենքները, գնահատման համակարգը և վերջապես դպրոցի դերն ու նշանակությունը մատաղ սերնդի` որպես մարդու ձևավորման դժվարին ու պատասխանատու գործում:

   Իմ ունեցած բազմաթիվ ուսուցիչներից ոչ բոլորն են տպավորվել որպես հմուտ մասնագետներ, բայց բոլորն էլ ընկալվել են որպես իրենց գործին նվիրված մարդիք: 

  Թողնենք մնացած բոլոր դատողություններն ու նայենք կոնկրետ մի խնդիր: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարևոր հարց պետք է լուծի ցածր դասարանի այն  դասատուն, որը արտադասարանական պարապումնքներ  է անցկացնում իր իսկ աշակերտների հետ, որոնք նախօրոք իր կողմից որակվում են որպես "թույլ" երեխաներ: Կասեք, ինչ վատ բան է անում, մարդը լրացուցիչ պարապում է, որ ետ չմնան: Իհարկե շատ լավ կլիներ, եթե այդ արվեր անաչառ, անվարձահատույց: Բայց, ցավոք այդպես չէ: Եթե դա լիներ միայն կողմնակի եկամուտի հարց, ես նույնիսկ կգովեյի տվյալ մասնագետին, որ իր ժամանակն ու կարողությունները չի խնայում իր նյութական վիճակի բարելավման համար: Դա այդպես կլիներ, եթե ձախ եկամուտը լիներ իրոք ձախից: Փաստորեն նա լրացուցիչ վարձ է գանձում(կասեի շորթում) այն գործի համար, ինչի համար աշխատավարձ է ստանում: Եթե միայն շորթած փողը լիներ... Այստեղ բոլորովին ուրիշ բան է ստացվում: Այդ "մանկավարժը", որպես կանոն` երիտասարդ, որի առաջնային նպատակը պիտի լիներ երեխայի մեջ ուսման նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացնելը, ամեն կերպ աշխատում է  ապացուցել երեխային(նաև ծնողին), որ նա "թույլ" է և իր կլիենտն է: Իսկ ի՞նչ հոգեվիճակ կստեղծվի տվյալ իրավիճակում հայտնված երեխայի համար, նրան չի հետաքրքրում: Իսկ երեխան ևս մարդ է ու ամեն ինչ հասկանում է, գուցե և ավելին, քան մեծերը:
 Իմ կարծիքով նմանատիպ պրակտիկան պետք է արգելված լինի, հավասարեցվի կաշառակերության հետ: Ես ավելի խիստ կվորակեի, քանզի այն վերաբերում է երեխաների դաստիրակմանը: Նույն այդ երեխաներն են ապագայում դառնալու մանկավարժներ, բժիշկներ, իրավաբաններ, գիտնականներ... քաղաքացիներ:
 Եթե քիչ է մանկավարժ աշխատավարձը, ապա պետք է ավելացնել: Իսկ երեխաների դաստիրակման գործը չպետք է խեղաթյուրել:
 
 Ով ինչպես է մտածում այս մասին: Ի՞նչ անել:

Աղավնին
[info]har8un


     Սաթո քուրիկը ստուգեց թոնրի վրա դրված պղնձի ջերմությունը և համոզվելով, որ արդեն ջուրը եռման է, սկսեց նախապատրաստվել լողանալու: Մետաղյա մեծ տաշտակը տեղավորեց թոնրատան թմբին, մոտիկ բերեց սառը ջրով դույլը, խառնորդ սարքելու համար, կողքին դրեց սանրը, օճառը, ջուր լցնելու թասը, նորից մտորեց, որ ոչինչ չի մոռացել: Համոզվելով, որ ամեն ինչ տեղում է, թոնրատան դուռը ներսից կողպեց ու անշտապ սկսեց հանվել:

     Միջօրե է: Արտոն՝ 10 տարեկան տղան իր գործերով է ընկերների հետ: Չնայած քիչ հավանական է, որ որևէ մեկը կմտնի այս ժամին, համենայն դեպս առանց դուռը կողպելու լողանալ չի կարելի: Բա որ մեկն ու մեկը հանկարծ ներս մտնի՞, աղ կամ լուցկի խնդրելու:

    Շորերը շատ չեն: Ամառանը ինչ կարիք կա շատ շորեր հագնելու: Իսկ թոնրատանը առանց այն էլ շոգ է: Սաթո քուրիկը, կարծես ինչ որ հատուկ բավականություն զգալով, դանդաղ, մեկիկ-մեկիկ հանեց շորերը ու խնամքով դարսեց կողքին դրված ուռի ճյուղերից հյուսած սինու՝ սալայի վրա, մի անորոշ ափսոսանքով շոյեց սպիտակ ու հարթ մաշկը, հոգոց հանեց, մտքում նորից հայհոյեց "էն գյոռբագյոռ" Հիլլերին, որ իր մարթու գլուխը կերավ, թողեց որբևայրի, իսկ էն երեխուն որբ ու անհեր:

    Խառնուրդը մի քիչ տաք է, դիմանալ չի լինի: Երեսունն անց կինը մի քիչ սառը ջուր ավելացրեց պղնձի ջրին, նորից ստուգեց: Հիմա լավ է:

    Տաք ջուրը թասով լցնելով մինչև գոտկատեղը հասնող արձակած փարթամ մազերին, օճառեց ու սկսեց լվանալ: Սեփական մարմնի հետ շփումը հաճելի հիշողություններ արթնացրին նրա մեջ ու նորից ստիպեցեին անեցքներ տեղալ իրեն անմարդ թողնողների հասցեին:

    Հանկարծ դրսից լսվող աղմուկը Սաթո քուրիկին հանեց երանելի հուշերի գրկից ու ստիպեց ընդհատել մարմնահաճո զբաղմունքը: Ինչ որ մեկը թափով կպավ փակ դռանը: Հետո հրմշտոց ու երեխայական լացի ձայն:

    - Վայ քոռանամ, Արտոս կուլա: Էս ի՞նչ բան է: Հըլը կեցի:

    Ու թխսամոր նման, երեխային պաշտպանելու բնազդով ինքն իրեն դուրս քցեց:

    Դռան դեմը կծիկ դառած թավալվում էին Արտոն ու հարևանի նույնահասակ տղան՝ Մկիչը: Արտոն ծոցումը պահել էր Մկիչից թռցրած աղավնին ու պաշտպանվում էր, իսկ Մկիչը կատաղած ծեծում էր նրան ու հայհում:

    - Ես քու մարիկը ..., տուր տոխս: Կոխցել ես հա՞: Հիմի սատկեսնեմ, ես քու մարիկը...

    - Ծո կեցի աշեմ ինչի՞ կծեծես մատմ անասունիս, ծո շան լակոտ, ինչի՞ մար կը քըրֆես: 

    Վերջապես հաջողվում ե կծիկը քանդել ու ծեծկռտվող պատանիներին իրարց բաժանել:

    - Սաթո քուրիկ, էս մերա...ծը տոխս փախցուցել է, չի տա: Ես էտոր մարիկը... , արդարանում է հևասպառ Մկիչը:

    Ստեղծված դադարի ընթացքում երկու ախոյաններն էլ հանկարծ հայացքները բարձրացնելով նկատում են իրենց բաժանող կնոջ մերկությունը: Ուշացումով ստեղծված վիճակը ընկալում է նաև հաշտարարը, բաց է թողնում տղաների ձեռքերը ու փախչում դեպի ներս:

    - Վույ, քա խայտառակ էղանք, շան լակոտներուն քով:

    Բայց մինչև իր մերկություն կթաքցներ թոնրատանը, գործը այլ ընթացք ստացավ: Արտոն տեսնելով իր մոր մերկությունը, և որ ավելի կարևոր է, այդ մերկության ականատեսն էր իրեն ծեծող Մկիչը, կատաղորեն հարձակվեց նրա վրա.

    - Ծո ես քու մարիկը ... , ծո դու իմ մորը չփլաղ տեսար, ծո հիմի ես քեզի սըպանեմ տի... 
    Բարդ երկընտրանքի առաջ չգիտեր ինչ անել խեղճ Սաթոն: Մի կողմից տղաների դեմ մորեմերկ լինելու ամոթը, մյուս կողմից նորելուկ աքլորների նման իրար կպած, ծեծկռտվող երեխաները: Լացը, ծիծաղը և անելանելիության զգացմունքը միախառնվել էին նրա մեջ:

    - Ծո շան փերածներ, ծեծեցեք իրար իշկան կուզեք: Գեղին մեչը խոմ խայտառակ չը ըլլիմ տի:

    Սրբելով լացի թե ծիծաղի արցունքները, Սաթո քուրիկը թողեց կռվարար պատանիներին ու շտապեց ներս, սրբվելու ու հագնվելու:

    Տղաները իրար երես նայեցին, ամաչելով եղածից ու ուշացումով նկատեցին, որ կռվախնձորը՝ սպիտակ աղավնին, օգտվելով իրարանցումից վաղուց թռել, գնացել էր: 

Javakhk.net /forum -ից և forum.hayastan.com -ից


7 օր և մեկ անքուն գիշեր Ջավախքում
[info]har8un
(Շարունակություն)

Գյուղ գալ ու չգնալ գյուղամե՞ջ: Գյուղամեջը` "ժամին պատին տակն" է, որտեղ մշտապես հավաքվում են գյուղի մեծ ու փոքրը, քննարրկում միջազգային, լոկալ քաղաքական ու առօրյա հարցեր: Բոլոր դեպքերում, գոնե գյուղի բիձեքը այնտեղ են, նույնիսկ գործի ամենաթեժ սեզոնին: Ի զարմանս ինձ, այնտեղ ոչ ոք չկար, երևի ցուրտ եղանակի պատճառով: Քայլերս ուղղեցի դեպի գերեզմանոց:
Ժամանակին գերեզմանոցը գյուղից ոչ հեռու, բայց և գյուղից դուրս էր: Հետագայում, գյուղի մեծանալու հետ այն շրջապատվեց նորանոր տներով ու վերջապես հայտնվեց գյուղի մեջտեղում:
Այցելեցի ծնողներիս գերեզմանին, նայեցի մեր մյուս ննջեցյալների գերեզմաններին: Գերեզմանոցը մի այնպիսի տեղ է, որտեղ մարդ ակամայից սուզվում է հիշողությունների խորխորատները, ընկնում խոհերի գիրկը, հեռանում առորյա կյանքի ունայնությունից, մտածում անցողիկ կյանքի կարճատևության ու ինչ որ անիմանալի հավիտենականության մասին: Այստեղ շատերն են ննջում, որոնց հետ երբևէ զրուցել եմ, վիճել, աշխատել... Ունայնություն ունայնութեանց:
Երեկոյան նախապատրաստվեցի մեկնելու համար: Երեխաները համոզում էին չգնալ, էլի մի քանի օր մնալ: Իսկ Անահիտը ոչ միայն համոզում, այլ պահանջում էր: Ինձ համար հեշտ չեր համոզելը, վարորդի հետ արդեն պայմանավորված լինելը պատճառաբանելով:



Առավոտյան, ժամի 7-ին վարորդը զանգեց, ինչպես որ պայմանավորվել էինք: Մարդ հավաքելով անցանք ճանապարհից դուրս գտնվող մի քանի գյուղերով: Դժվարաանց միջգյուղային ճանապարհներով երթը մեզանից խլեց առնվազն 2 ժամ: Վերջապես հասանք հայ-վրացական սահմանակետին: Ինձ համար հետաքրքիր էր այն, որ վրացի սահմանապահները մեզ հետ հաղորդակցվում էին ոչ թե վրացերեն, հայերեն կամ անգլերեն, այլ ոխերիմ թշնամիների` ռուսների լեզվով: Անցման կետում ժողովուրդը իջնում է մեքենաներից, մոտենում գործող երկու պատուհաններից մեկին, ներկայացնում անձնագիրը, նայում տեսախցիկի մեջ, ետ ստանում նշում արված անձնագիրը և վերջ: Այս ամենը կատարվում է շատ արագ: Մենք կորցրինք ուղիղ 5 րոպե: Մի քիչ անց մեր անցակետն է: Այստեղ 10-12 մեքենաներ սպասում էին իրենց հերթին: Այս անգամ չես իջնում մեքենայից, վարորդը հավաքում է անձնագրերն ու մյուսների հետ հերթ կանգնում: Չգիտեմ ինչով բացատրել ժամանակածախսի տարբերությունը մեր և հարևանների անցակետերի համար, երբ նրանց 5 րոպեի դիմաց մերոնք սպասեցրին ուղիղ մեկ ժամ: Չգիտեմ դա էր պատճառը, քամու ուղղությունը թե մի կողմ` վայրեջք, հակառակ կողմ` վերելք լինելը, տուն հասա ոչ թե 12-ին այլ 15-ին:

Այսպես ավարտվեց իմ մեկշաբաթյա այցը հայրենի Ջավախք: Ընթերցողների ներողամտությունն եմ հայցում, եթե ավելորդաբանություններն ավելի են, քան իմ ասելիքն է եղել: Պարզապես այդ 7 օրում(ներառյալ մեկ անքուն գիշերը) ես այնքան բան եմ հիշել, տեսել, լսել ու զգացել, որ իմ համեստ կարողություններով արված նկարագրությունը ամիսներից էլ ավելի ժամանակ կզբաղեցներ:

ՎԵՐՋ

7 օր և մեկ անքուն գիշեր Ջավախքում
[info]har8un
(Շարունակություն)

5-6 կիլոմետր ճանապարհը սովորաբար կարելի է անցենել մեկ ժամից էլ շուտ, բայց եթե սար ես բարձրանում ու կիզիչ արևն էլ չի խնայում, ապա պետք է համապատասխան ուղղում մտցնել ճանապարհային գրաֆիկում: Բացի դրանից չմոռանանք, որ այլ նպատակ ևս կար, այն է` սունկի տոպրակը: Կասեք նորից ճեճիլ եմ քցում իմ սունկի թեմայով, բայց փաստը մնում է փաստ ու ես չեմ կարող ծածկել ճշմարտությունը: Ախր հարցը միայն համով սունկ ուտելը չէ, ավելի կարևոր ու հետաքրքիր գործը հավաքելն է: Ահա թավիշ կանաչի վրա հեռվում սպիտակին է տալիս սունկը: Գնում ես դեպի այն, բայց ոչ թե նրան ես նայում, այլ շուրջը: Տեսածը արդեն կա ու կա, պետք է շուրջը նայել, միգուցե մի քիչ այն կողմում ուրիշները կան: Համոզվելով, որ սունկը մենակ է, հասնում ես նրան, նրբորեն, մի տեսակ քնքշանքով հանում ես հողից,ափով մաքրում ես գլխարկը և վերջապես դանակով կտրում ես պոչը: Եվ շատ հաճախ, դանակի կտվածքը ցույց է տալիս, որ բնության այդ հրաշքը, այդ համի էտալոնը, այդ գեղեցկությունը պիտանի չէ ու պետք է դեն նետել, ափսոսանքով ետևից նայելով: Եթե կտրվածքում նշմարելի է գոնե մեկ աննշան, ասեղի ծայրի չափ անցք, ապա համոզված եղիր, որ սունկը արդեն որդնած է: Դրանում հեշտությամբ կարելի է համոզվել, կոտրելով ու ուսումնասիրելով գլխիկը: Հակառակի պես հենց ամենալավերն են որդնած լինում(որդերն էլ ճաշակ ունեն):
Տարին անձրևային է եղել ու օգոստոսի վերջին յուրահատուկ չորության փոխարեն ամենուրեք կանաչ է ու փարթամ: Զմայլվելով սարերի կանաչ տեսքով, ձորերով, ջրերով, սունկ հավաքելով, վերջապես հասնում եմ մերոնց: Արդեն հեռվից զարմանքով նկատում եմ, որ "սաթիբելայի" ձայնը չի գալիս, իսկ հնձված տարածքը բոլորովին չի համապատասխանում անցած ժամանակին: Հնձվորը գերանդիյով մեկ ժամամ հնձում է X ար, իսկ հնձիչ մեքենայով` Y ար, քանի՞ ար կհնձի հնձվորը, եթե...
- Վաչո՞, էս ի՞նչ հաշիվ է:
- Հոփար, էլի ջարթավ պաչևնիկը,-հոր փոխարեն տեղեկացրեց Գրիգորը:
- Տուր, տուր տեսնեմ,- ասելով, գերանդին վերցնում եմ Գրիգորի ձեռից և լաս մտնում:
Պարզվում է հնձելը չեմ մոռացել: Գերանդին համաչափ պտտվում է ու ինձ առաջ տանում: Ինձ նույնիսկ հետևից գալող Վաչիկը չի վախեցնում: Գրիգորին խնդրեցի այդ փաստը վավերացնել նկարելով: Հայտնի չէ մտածված էր, թե ոչ, համենայն դեպս, նկարը չեր ստացվել: Մի 50 մետր հնձեցի: Նայեցի արևին, դեռ մի թզից ավելի ճանապարհ ուներ: Մտածեցի, որ մինչև մայրամուտ կարող եմ հնձել, բայց վախեցա հետևանքներից` մկանների ցավ, աղաջրով մերսում... Մյուս կողմից էլ եղբայրս հորդորեց չլոպազանալ:
Հացի նստեցինք ու ես էլ մասնակցեցի գործ անողի իրավունքով:
- Օգնեցեք սաթիբելան թնենք մաշինան, ես մեննակ չեմ կյնա ու էրկուսդ ա քնացեք տուն: Ես քիչմ քաղեմ, իրիկունը քուքամ,- կարգադրեց եղբայրս ու մենք հնազանդ վեր կացանք:
Վերադարձի ճանապարհին արդեն երկուսով էինք լրացնում տոպրակի պարունակությունը, բայց առողջ սունկեր արդեն քիչ էին պատահում: Նորից մեր դեմ բացվեց մեր լեռների խրոխտ պարը: Կապույտ երկինք, կանաչ սարեր...



Եղբորս կնոջը` Լուսիկին խնդրեցի սունկը պատրաստել իմ դեղատոմսով, առանց ձվի ու քիչ յուղով: Նոր էր պատրաստվել բուրումնավետ կերակուրը, երբ ի զարմանս բոլորի, այդքան շուտ վերադարձավ Վաչիկը:
- Վա՞չ, գերանդիդ կոտրվե՞ց:
- Չէ, պրծա էկա:
- Ո՞նց:
- Էլ ոնցը վե՞րն է: Փարան տվի, քաղեցին:

Ահա քեզ բյուջե, ահա քեզ վաստակ... Միակ սփոփիչն այն էր, որ եկանք շատ կարևոր ընդհանուր եզրահանգման, այն է` սաթիբելան պետք է սարքել ձմռանը, իսկ ամռանը կարելի է սահնակը սարքել:

(Շարունակելի)

Հ.Գ.-Ոնց որ գրություններս կամաց-կամաց նմանվում են մեր հայրենակից Կարեն Գիլոյանի ֆուտբոլային ռեպորտաժներին:

7 օր և մեկ անքուն գիշեր Ջավախքում
[info]har8un
(Շարունակություն)

Վաղ առավոտյան, երբ Վաչիկն ու Գրիգորը վերանորոգված հնձող մեքենան տեղավորել էին "Ժիգուլիի" նախապես նստատեղերը հանված սալոնում և պատրաստ էին վերջապես սար գնալ, հարևանները մեկը մյուսի հետևից եկան ու խնդրեցին իրենց խոտը հնձել: Շատերի տղամարդիկ մոսկվաներում են ու հնձող չունեն: Բավականին հարմար գործ է: Կարելի է օրեկան մեկ հեկտար հնձել և վաստակել 140 լարի: Վաստակը լավ վաստակ է ու շատ անհրաժեշտ ընտանեական բյուջեի ծակերը փակելու համար, բայց և հաշվելուց առաջ այն պետք է դեռ վաստակել: Վաչիկը բոլորին խոստացավ, միայն մի պայմանով` սեփական հունձը վերջացնելուց հետո: Մի ժամ չանցած սարից զանգեցին, տեղեկանալու համար, հոսանք կա, թե չէ՞: Պարզվում է նոր էին սկսլ ու մեքենան նորից խաթարվել էր: Հոսանք կար: Եկավ, իր հետ բերելով կոտրված մասը: Զոդեց, տաշեց, քանդեց, սարքեց, նորից քանդեց, նորից հավաքեց ու մի երկու ժամ չարչարվելուց հետո վերադարձավ սար, որտեղ իրեն էր սպասում Գրիգորը: Մինչև երեկո այլևս չզանգեցին: Ենթադրեցինք, որ ամեն ինչ կարգին է: Պարզվեց որ սխալվել էինք: Մի կես ժամ հնձելուց հետո նորից ջարդվել էր ու հայր ու որդի, հրաժարվելով տեխնիկայի ՕԳԳ-ից, անցել էին պապերից մնացած վստահելի միջոցին` գերանդիներին: Մի խոսքով հոգնած, գործ չարած եկան տուն:
Ամբողջ հաջորդ օրը գնաց տեխնիկայի վրա սկզբունքայն նորամուծությունների ներդրման ու "վերջնական" վերանորոգման վրա: Փորձեցին ինձ էլ ներգրավել, առաջադեմ ինժեներական լուծումներ գտնելու համար, բայց շուտ հասկացան այդ գործում իմ օգտակարության աստիճանը և ժամանակին հրաժարվեցին իմ տեսական օգնությունից:
Մյուս օրը նորից վերցնելով նորացված, նորոգված, յուղած ու կարգավորած հնձիչը, հայր ու որդի մեկնեցին սար: Մի առ ժամանակ հետո, երբ ոչ հեռախոսազանգ եկավ և ոչ էլ որևէ մեկը վերադարձավ, ես լրջորեն անհանգստացած ինքս զանգեցի: Ուրախությամբ տեղեկացրին որ, ամեն ինչ կարգին է ու գործը գնում է: Էլ չդիմացա, վերցնելով սունկի համար տոպրակն ու ջուր խմելու բաժակը ոտքով ճանապարհ ընկա դեպի սար, իհարկե նախապե հարցնելով իրենց հնձելու տեղը:

(Շարունակելի)

7 օր և մեկ անքուն գիշեր Ջավախքում
[info]har8un
(Շարունակություն)

Վերջապես հերթը հասավ գառին: Չնայած հազիվ լավ եղանակ էր ու բոլորը, առիթը բաց չթողնելով դուրս էին եկել խոտհնձի գործերով, Վաչիկը պարտավոր էր մորթել խոստացված գառը: Այդ գործընթացի վավերացումը արդեն ներկայացրել եմ ամսի 13 գրությունում:
Դե վաղ առավոտով մորթեցինինք, կերանք, լմնցավ: Քանի որ մեր մոտ հարգի է ոչ թե խորովածը, այլ խաշլաման, ուստի կարևորագույն մասը ջիգյար, բեգրագի շուտուփույթ ռեալիզացիան եղավ: Նախաճաշին մեզ հետ մասնակցում էր իմ մանկության ընկեր Արտուշը, որի հետ ժամանակին, դահուկները կապած, շատ էինք սար ու ձոր չափել:
- Ո՞նց ես, Արտուշ ջան, հիշում ե՞ս մեր ջահելությունը:
- Էէ, ըշտը լավ ենք: Պզտիկ էինք, մեծերեն կվախենայինք, մեծըցանք` պզտիկներեն կը վախենանք: Ըսեմ օր ձեր հայաստանցիներն ա մարթ չեն: Ախր ինչ մարթություն է, սաղ օրը իրար տակ կը փորեն, փարի համար իրար կը գյուլլեն:
- Ինչի՞, որտեղից այդպիսի ինֆորմացիա:
- Է ըշտը տելեվիզոր կայենք: Ամեն օր էդ կտեսնինք:
- Արտուշ ջան, ախր էդ տեսածներդ պարզապես սերիալներ են, լատինաամեերիկյան սերիալների հիմար նմանակումներ: Դա քիչ կապ ունի ռեալ իրականության հետ:
- Մեկ է, էդ էք:
Թեման տեղափոխել քաղաքականության ասպարեզ չի ստացվում: Հազար ու մի առօրյա գործեր ու խնդիրներ կան: Համենայն դեպս, իր գոհությունն է հայտնում Սահակից(Սահակաշվիլուց) և ասում, որ եթե չխանգարեն, շատ լավ բաներ կանի: Էլ չխորացանք, թե էդ ինչ լավ բաներ էին: Ինձ համար հասկանալի էր միայն ճանապարհների լավացման խնդիրը:
Վաչիկը անցավ հունձի մեքենայի վերանորոգման գործին, իսկ ես վերցնելով Գրիգորին ու Անահիտին ինձ հետ, ուղղվեցի իմ նախատեսած արշավներից առաջինի իրականացմանը: Առաջինը դա Բոշին աղբյուրն էր:
Եթե տեսել եք "Միմինոն" ու լսել, թե ինչպես է Ռուբիկը(Ֆրունզիկը)գովում Դիլիջանի ջուրը, դնելով այն երկրորդ տեղում, ապա պիտի հասկանաք, որ օրիգինալում նա առաջին տեղում դրել էր ոչ թե Սան Ֆրանցիսկոյի ջուրը, այլ Բոշին աղբյուրի: Եթե այդպես չլիներ, ապա իմ մահամերձ տատի վերջին ցանկությունը չէր լինի փետրվարի կեսերին, մեռնելուց առաջ, խմել Բոշին աղբյուրի ջուրը: Մեր տարածքում շատ աղբյուրներ կան, մեկը մյուսից սառնորակ ու վճիտ: Չգիտեմ ո՞վ է եղել այդ բոշան, բայց աղբյուրը մեծ համբավ է վայելում իր համով ու բուժիչ հատկություններով: Դեռ երիտասարդ էի այդ ժամանակ, որ ձեռնամուխ եղա տատիս վերջին ցանկության կատարմանը: Անտեսելով փետրվարյան ցսւրտն ու բուքը, դահուկներով հաղթահարեցի 4-5կմ ճանապարհը, փորեցի մեկ-մեկուկես մետրանոց ձյունածածկը ու հասա աղբյուրին: Աղբյուրի շուրջը, ձյունի տակ, աղբյուրի տաքությունից ստեղծվեել էր բաց տարածություն, մի թիզ կանաչ խոտածածկույթով: Մնացածը հեշտ գործ էր, չհաշված ձյունե անձավից դուրս գալը:
Տանից դուրս գալով, հետներս վերցրինք բաժակ` ջուր խմելու համար ու մի աման` ձորից ազնվամորի հավաքելու համար: Ուշացումով հասկացանք, որ մոռացել ենք սունկի համար աման վերցնելը: Սկզբից մեկ-երկու պատահծ սունկերի տեղավորելու հարցը չկար, բայց մինչև հասանք աղբյուրին, և իմ և Գրիգորի գլխարկները լիքն էին սունկերով: Կարծես հենց մեզ համար ինչ որ մեկը աղբյուրի մոտ պոլիէթիլենային տոպրակ էր թողել: Սունկը տեղավորեցինք գտած տոպրակի մեջ, ապահովելով մեր գլուխները կիզիչ արևի ազդեցությունից:
Աղբյուրը տեղում էր: Սառնության պատճառով մի շնչով մի աման ջուր խմելը հնարավոր չէր, ուստի նորից ու նորից խմում էի Բոշին աղբյուրի ջուրը, կարծես անցած երկու տարվա նորման կատարելու համար:




Ինձանից քիչ ջանք չպահանջվեց իրար հետ մշտապես յոլա չգնացող քույր ու եղբորը միասին նկարելու համար.




Ձորում մեր ուտելուց բացի, մեր ամանը լիքը ազնվամորի հավաքեցինք: Ինձ համար քարից քար ցատկելը ավելի հեշտ չէր, քան Անահիտի կամ Գրիգորի համար, բայց և չեմ ել բողոքում.




Վերադարձի ճանապարհին մեր հավաքած սունկը կրկնապատկվեց, այնպես որ, գառի խաշլաման արդեն քիչ էր հետաքրքրում:

(Շարունակելի)

7 օր և մեկ անքուն գիշեր Ջավախքում
[info]har8un
(Շարունակություն)

Հաջորդ օրը եղբայրս` Վաչիկը ասաց, որ կովերի նախիրը պահելու հերթը իրենն է ու այդ պատճառով իմ պատվին գառի մորթելը հետաձգվում է հաջորդ օրվան: Իմ առաջին գործը եղավ հիանալ Աբուլի վաղորդյան տեսքով: Արժի հիանալ`


Այնուհետև երեխաների` Գրիգորի ու Անահիտի հետ անցանք համակարգչի վրա կիսատ թողած գործերին: Այս անգամ հոսանքի ընդհատում չեղավ ու ամեն ինչ արեցինք բարեհաջող: Ամենակարևորը` կարգավորեցինք ինտերնետ կապը և անմիջապես կապվեցինք մերոնց հետ Երևանում: Շատ հարմար ու ստաբիլ կապ էր, 240.20Kbps, մեկ րոպեն մեկ թեթրի(2 դրամ):

Հերթը հասավ տնտեսության հետ ծանոթանալուն: Փիսիկը արդեն նախորդ օրվանից էր ինձ հետ ծանոթացել.


իսկ Զանգոյի վրա ես որևէ լուրջ տպավորություն չթողի, կամ էլ նա զբաղված էր իր կարևոր` տան պահպանման լուրջ գործով.


Երեկոյան Վաչիկը վերադարձավ մի մեծ տոպրակ լիքը սունկով: Մեր սարերի սունկը լինում է երկու տեսակի` "մարդու սունկ" և ոչ "մարդու սունկ": Առաջինը, դա շամպինյոնն է, բայց իմ կարծիքով իր համային որակներով գերազանցում է Երևանի շուկայում վաճառվող շամպինյոնից: Մի տեսակ հոտն ուժեղ է ու համն էլ ավելի սուր:Իսկ երկրորդը` մնացած բոլոր սունկերը: Մերոնք սունկը տապակում են առանց նախօրոք խաշելու, ձվով և արդար յուղով: Այնպես որ, մեր երեկոյան տրապեզան ավելի լավ էր, քան գառը կլիներ:

(Շարունակելի)

Հ.Գ.- արձակուրդս շատ արագ անցավ ու վաղվանից, այսինքն էսօրվանից աշխատանքի եմ: :(

7 օր և մեկ անքուն գիշեր Ջավախքում
[info]har8un
Դեպի գյուղ

Պարզվեց, որ գնալը հիմա անհամեմատ հեշտ է ու հարմար: Գիշերհանա չես գնում ավ տոկայան, տոմս չես ճարում, ավտոբուսում խցկված չես տեղավորվում, այլ զանգում ես հենց սեփական գյուղ գնացող-եկող վարորդին, իմանում վեր կենալու ժամը ու հանգիստ քնում: Նշանակված ժամին վարորդը զանգում է ու տանից դուրս գալով, հենց մուտքի դիմաց, նստում ես հարմարավետ "Ֆորդ" միկրոավտոբուսը: Ես երազել անգամ չեի կարող այդպիսի հարմարավետության մասին:

Ուղևորները քիչ էին, երևի սեզոն չի: Ես տեղավորվեցի վարորդի կողքին: Պարզվեց, որ ինքը հարևան գյուղից է, նույնիսկ իմ դասընկերուհու եղբոր տղան է: Այնպես որ, հարց ու փորձի, զրույցի թեմաներն անպակաս էին: Իմ երաժշտական ճաշակն հարմարեցրի նրա ճաշակին ու բոլորովին չզգացի, թե ինչպես տեղ հասանք: Ասեմ, որ ճանապարհը եթե ոչ գերազանց, ապա բավարար վիճակում էր, չհաշված Բավրա - Բոգդանովկա(Նինոձմինդա) հատվածը: Անցման կետում նույնպես ժամանակ չկորցրինք: Մի խոսքով, արդեն Երևանի ժամանակով ժամի 12-ին գյուղում էինք: Վարորդի հետ հաջորդ կիրակի վերադառնալու մասին պայմանավորվելուց և հրաժեշտ տալուց հետո, ես բարեհաջող հասա տուն:


Մեր տանը

Չպատմեմ, թե ինչքան ուրախացան մերոնք, նամանավանդ եղբորս տղան ու աղջիկը: Չնայած տեղյակ էի, բայց ինձ համար հաճելի էր տեսնել այն ամենը, ինչը նոր էր ինձ համար` հեռախոս, արբանյակային ալեհավաք, համակարգիչ, խոտհնձի մեքենա...

Մի թեթև հաց ուտելուց,եղանակի, խոտհունձի, տնական այլ գործերի մասին հարց ու փորձ անելուց հետո, առանց ժամանակ կորցնելու, անցա համակարգչի կարգի բերելուն: Նոր համակարգ դնելուց և սերվիս փակը դնելուց հետո, երբ անցա այլ սպառողական ծրագրերի տեղադրմանը, հոսանքը անջատվեց: Ասին, որ հաճախակի չի լինում այդպես, բայց հետագա օրերը ցույց տվին հակառակը:

Անքուն գիշերը

Այդպես էլ մինչև ուշ գիշեր հոսանք չտվին, ու ես հոգնած ճանապարհից ու ստացած տպավորություններից, բարի գիշեր մաղթելով բոլորին, մտա անկողին: Ի դեպ, եղանակը բավականին ցուրտ էր ու անկողինը տաք: Նոր էի երազներիս առաջին էջերն անցել, երբ ինձ այդքան ուրախացրած հեռախոսը ահալի ու բարձրաձայն արթնացրեց բոլորիս: Եղբայրս քնաթաթախ լրացուցիչ հարցեր էր տալիս: Պարզվեց, որ մեր հարազատներն են անհանգստացնում, ավելի ճիշտ զգուշացնում, որ ուղիղ ժամի 3-ին լինելու է ուղիղ 12 բալանոց երկրաշարժ: Չգիտեմ ինչ էին հասկանում զգուշացնողները 12 բալանոց երկրաշարժից,բայց որ մինչև 3-ը դեռ կես ժամ կար, լրիվ հասկանում էին:
Եղբայրս հեռախոսափողի մեջ փնթփնթալուց հետո դրեց այն և ես փորձեցի վերադառնալ իմ երազի ընդհատված էջին: Ավաղ, վիճակված չեր այդ գիշեր երազ շարունակելը: Հեռախոսազանգերը հաջորդում էին մեկը մյուսին անկանոն պարբերությամբ: Հեռախոսի անջատելը միայն ժամանակավոր դադար եղավ, քանզի սկսեցին պատաուհանը ծեծել ու զգուշացնել, որ երկրաշարժը քնած չանացկացնենք: Երբ բողոքեցինք, թե ժամի 3-ը արդեն անցել է, տեղեկացրին, որ երկրաշարժի ժամանակը տեղափոխել են արդեն 4-ին:
Ստիպված անպատվեցի մեզ համար այդքան անհանգստացող մեր բարի հարևաններին, որից հետո մեզ հանգիստ թողին: Բայց արդեն լուսանում էր: Առավոտյան պարզվեց, որ գիշերը տնից դուրս, կրակների շուրջ էին անցկացրել ոչ միայն մեր գյուղի, այլ ամբողջ Ջավախքի բնակչությունը:Ոմանք տանից դուրս էին բերել ոչ միայն երեխաներին, այլ կահ կարասին ու նույնիսկ անասուններին: Ինձ մնում էր կասկածել, որ այդ ամենի հեղինակները հեռախոսային պրովայդերներն էին: Պատկերացրեք այդ գիշեր կատարված հեռախոսազանգերի քանակն ու զբաղեցրած րոպեները:Ոչ մի շոու ծրագիր, ոչ մի ռեկլամային ակցիա, ձրի, ինքն իրեն: Երկրաշարժի էության, կանխագուշակման, բալային սիստեմի և այլ խոլոք բաների մասին դասախոսությունը արդեն ուշ ու անիմաստ կլիներ:

(Շարունակելի)

Բնօրրան առանց գառի?
[info]har8un

Բնօրրան
[info]har8un

Լեռներն իմ հայրենիքի` Աբուլ-Սամսարի լեռնաշղթան:

Հնդկական կինո
[info]har8un
De uremn hagdord seriajov piti patmes - hndkakan kinoneri sjuzhenery yst anvan vertsanely ;-)


Մարտի վերջն է: Քիթ սրբելու ժամանակ չունեմ: Գարնանացան, ավարտական քննություններ, ընդունելության քննություններ, հազար ու մի տան գործեր ու այդ բոլորի հետ` ես գյուղի կինոմեխանիկն եմ: Պատվավոր գործ է: Իմ օգնականը` "պամոշնիկը", ինձանից մի տարով փոքր Լյովան է: Չնայած հասակակիցներ ենք, գործի պատասխանատուն և ավագը ես եմ:

Կիրակի օրով, վերցրած նախորդ նկարի ժապավենները, գնում եմ քաղաք: Հիմնարկում հանձնում եմ ժապավենների արկղը, մուծում սեանսից հավաքված գումարը և ստանում նոր նկար: Քանի որ ամսվա վերջն է ու իմ մուծման պլանը ետ է ընկել, ինձ դիտողություն են անում ու ասում, որ պլանիկատարման համար հատկացրել են հնդկական կինոնկար: Կինոնկարը կոչվում էր "Գիշերվա քողի ներքո": Պլանի կատարման համար շատ լավ հնարավորություն էր: Երկսերիանոց հնդկական, այդքանն արդեր հերիք էր: Վերցնում եմ երկու մետաղյա արկղներն ու դուրս գալիս: Մինչև ավտոկայան մի 10 -15 րոպեի ճանապարհ է: Սկզբում այնքան էլ դժվար չէ: Բայց քանի գնում արկղները ծանրանում են ինձ համար: Եթե չեմ սխալվում, ամեն արկղում 9 կամ 10 ժապավեն: Մի խոսքով 15 ից 20 կիլոգրամ յուրաքանչյուրը: Դե 17 տարեկանի համար, ոտքերի տակ գետին չկա, իսկ աստղերը այնքան մոտ են, որ ձեռդ մեկնես, կհասնես: Մի տարիք, որ դեռևս հնարավորությունների սահմանը անհայտ է:

Վերջապես հասնում եմ ավտոկայան և տեղեկանում, որ մեր գյուղ գնացող ավտոբուսը չի լինելու: Ստիպված տեղավորվում եմ հարևեան գյուղի ավտոբուսում: Հարևան գյուղը մեր գյուղից այնքան էլ հեռու չէ, մոտ մեկ կիլոմետր: Իջնում եմ ճանապարհաբաժնին, վերցնում իմ բեռը և դեպի գյուղ: Մեր գյուղ հասնելու համար ճանապարհի կեսը պետք է իջնել, իսկ մյուս կեսը բարձրանալ, այնպես որ, ամբողջ տարածությունը աչքի տակ է: Հակառակի պես գյուղից որևէ մեկը չկա, որ օգնի: Շատ շուտով հասկացա, որ երկու արկղներով երկար գնալ չեմ կարող, ուստի մեկը դրեցի ճանապարհի եզրին, իսկ մյուսը ուսիս առնելով, բավականին հեշտությամբ շարունակեցի ճանապարհս: Որոշել էի մի արկղը որոշ տարածություն տանելուց հետո դնել, վերադառնալ մյուս
արկղի հետևից: Բայց քանի որ ամբողջ ճանապարհը աչքի տակ էր, գնացող գալող էլ չկար, որոշեցի մեկը հասցնել մինչև մեր գյուղ, ապա նոր վերադառնալ մյուսին: Գործի կեսը արած, երբ վերադառձել էի երկրորդ արկղի մոտ ու պատրաստվում էի երկրորդն էլ հասցնել առաջինի մոտ, մեր գյուղի կողմից մեքենայի ձայն լսեցի: Ափսոսացի, որ մեքենան հակառակ կողմ էր գնում: Վիլիսը` հարևան գյուղի կոլ վարչության նախագահինն էր, որ վարում էր իմ դասընկեր Համբոն:

Մտածեցի, որ եթե նախագահը հետը չլինի, կարելի է խնդրել, որ օգնի: Մեքենան կանգ առավ հենց իմ կողքին: Համբոն բաց արեց դուռը և...
- Հեսա բերել եմ, մտածեցի, որ դեպի մեր գյուղն ես տանում:
- Չէ, Համբո ջան, մեր գյուղ եմ տանում: Դե ոչինչ, որ ետ ես բերել: Մի իջացնի, էս մեկն էլ դնենք ու հասցրա գյուղ: Մի հինգ րոպեն քեզ ոչինչ չի անի: Թե չէ լրիվ հալից ընկել եմ:
- Վայ ցավդ տանեմ, նախագահն սպասում է, չեմ կարող, - ասելն ու արկղը թողած քշելը մեկ է լինում:
Վայ քու, Համբո: Կատաղած քար եմ ման գալիս, բայց արդեն ուշ է ու վիլիսը թողած երկու արկղն էլ իրենց ելման կետում, գազ տված հեռանում է:

Վերադառնում եմ նախնական ռազմավարությանս: Մեկը մի քիչ տանում, դնում եմ գետին, վերադառնում մյուսին:
Վերջապես "բարեհաջող" հասնում եմ գյուղ: Փնթփնթում օգնականիս վրա, որ չէր ֆայմել դիմավորել: Աֆիշան եկեղեցու պատին կպցնելուց հետո, կինոխցիկում սկսում ենք միասին "պերեմոտկա" անել կինոյի մասերը: Այս գործողությունը իր մեջ ներառում է ժապավենների ետ փաթաթելը, կտրված տեղերը կպցնելը և ճիշտ հերթականությամբ դասավորելը երկու կինոսարքերի մեջ բաժանելը: Դրանից հետո մնում է միացնել, ստուգել, որ ամեն ինչ նորմալ է ու իջնել տոմս վաճառելու:

Ամեն ինչ այդքան հեշտ չէր պրծնելու այդ օրը: Գործի կեսին, շնչակտուր ներս է ընկնում մեր հարևանի երեխան ու ինձ հայտնում, որ մեր հորթը տանից փախել է, մերոնք տնով տեղով, հարևաններով ընկել են 17 օրական հորթի ետևից ու չեն կարող բռնել, արդեն ելել է սարերը: Թողած ամեն ինչ, վազում եմ դեպի մեր տուն: Տունը գյուղի վերևն է, իսկ հորթուկը բռնել է դեպի սարերն ու վազում է: Եթե չհասնես, կմտնի անտառ: Դե արի գտի անտառում: Լարում եմ վերջին ուժերս, համարյա հասնում: Հորթուկը խույս է տալիս ու պրծնելով իմ ձեռքերից, նորից փախչում: Վերջապես իմ բախտից խճճվում է քարերի արանքում ու ես օգտվելով պատեհ առիթից, բռնում եմ ապերախտ կենդանուն: Հորթը շալակած, բազմամարդ թափորով, հաղթական վերադառնում ենք տուն:
Հոգնած ու սոված, որոշում եմ մի կտոր բան ուտել ու շունչս տեղը բերելու համար մի քիչ հանգստանալ, մինչև սեանսի սկսելը: Բայց դեռ ո՞ւր էս:

Լյովան, իմ օգնականը, մարդ է ուղարկել իմ հետևից, թե հասի, ձայնը չկա: Խոսքը կինոյի ձայնի մասին է: Հացս կիսատ, վազում եմ ակումբ: Կինոխցիկում մարդաշատ է: Խորհուրդներ են տալիս, խրատներ: Իմ առաջին գործն է լինում բոլորին դուրս հրավիրել:

Անցնում եմ պրոֆիլակտիկային: Ստուգում եմ ուժեղացուցիչը, դինամիկները, ֆոտոէլեմենտը: Ամեն ինչ նորմալ է, բայց ձայն չկա, այն է` կինոժապավենի ձայնային շավիղից լույս-ստվեր փոփողությունները ընկնում են ֆոտոէլեմենտի վրա, բայց ուժեղացուցիչին չեն հասնում: Լավ է, որ այդքանը պարզ է, բայց ի՞նչ անել:

- Լյովա ջան, ես մի քիչ էլ կքչփորեմ, իսկ դու նստի հեծանիվն ու տեղեկություն հասցրա հարևան գյուղի կինոմեխանիկ Էմիկին: Ի վեերջո մեզնից հասակով մարդ է, խնդրի, թող օգնության հասնի:

Ժամանակն անցնում է: Ողջ գյուղը հավաքված է ակումբում ու դժգոհում է սեանսի ուշանալու համար: Խորհուրդ են տալիս ժամանակ չկորցնելու համար տոմսակները ծախել, մինչև Էմիկի գալն ու ձայնի գտնվելը: Համաձայնվում եմ: Բոլորը նստած են, միահամուռ աղմկում են, բողոքում, իսկ Էմիկը ուշանում է:

Վերջապես գալիս է Էմիկը: Անցնում նույն ստուգումների իմ անցած ճանապարհը: Փորձում է տեղից հանել պտտող թափանիվը: Չի ստացվում նույնիս մուրճի օգնությամբ: Շվարած մտածում ենք մեր անելիքի մասին: Չեմ հիշում մեզանից ով, կարծիք է հայտնում, որ պատճառը միգուցե "ֆոտոշլանգն" է: Դա այն օպտիկական հաղորդիչն է, որ լույս-ստվեր ազդանշանները հասցնում է ձայնի ուժեղացուցիչին: Բայց օգուտն ի՞նչ: Ի՞նչով փոխարինել:

- Իմ մտքովն անցնում էր: Լյով ջան, գնա բեր, ավտոյի մեջ է,- ասում է Էմիկը:
Իրոք որ պատճառը դա էր: Արդեն ժամի 11-ն է: Վերջապես սկսում ենք ցուցադրումը անհամբերությամբ սպասող հանդիսատեսների աղմուկին վերջ դնելով:

Էլ ինչ հնդկական կինո, առանց երգ-երաժշտության: Հենց առաջին կատրերը, տիտրերը սկսվում են բոլորին այնքան ծանոթ երաժշտությամբ: Բայց դահլիճում նոր աղմուկի ալիք է բարձրանում: Խցիկից իջնում եմ ներքև, պատճառն իմանալու համար: Բայց ծանոթ հնդկական մեղեդիների փոխարեն լսում եմ ինչ որ անսովոր, կլկլան մեղեդիներ: Փորձում եմ արվեստասեր հասարակությանը համոզել, որ ես կապ չունեմ, որ դա կինոյից է:

Այդպես էլ ուշ գիշերին վերջացրինք սեանսը: Բոլոր դեպքերում ցրվելուց առաջ իմ հանդիսատեսները իրենց կասկածն հայտնեցին ձայնի որակի գործում իմ անմեղության վերաբերյալ: Հետագայում պարզեցինք, որ թափանիվը հանելու մեր փորձերի ժամանակ ծռվել էր պտտվող լիսեռը, որի պատճաձով այն պտտվում էր անհավասար, կաղալով: Արդյունքը պարզ էր:

Ինձ մնում էր քնելուց առաջ կատարել իմ վրա վերցրած ամենօրյա պլանը` Մանուկյան-Շահինյան "ընդունելության քննությունների խնդրագրքից" մեկ առաջադրանք:

Սյուրպրիզ
[info]har8un
Վաղուց ծանրոց չէի ստացել որևէ մեկից: Այսօր ծանրոց ստացա Թբիլիսիից: Ինձ համար հաճելի անակնկալ էր իմ վաղեմի բարեկամ, վրացի Լեվանի նվերը: Երբ բացեցի փաթեթավորումը, իմ հիացմունքին սահման չկար: Մոտ 200 տարի առաջ (1819թ.) Ս. Պերերբուրգում լույս տեսած "Նոր Կտակարան", գերազանց պահպանված:



Անմիջապես բացեցի անվանաթերթը: Առաջին բառերին ուշադրություն չդարձրի:



Բացեցի պատահական մի էջ և փորձեցի հասկանալ իմ քչից-շատից գիտեցած գրաբարով, բայց ոչինչ չջոկեցի: Անակնկալն ավելի կատարյալ դարձավ, երբ ուշացումով պարզեցի, որ գիրքը հայատառ "Նոր Կտակարանն" է թուրքերեն լեզվով: Նորից թերթեցի, վերադարձա անվանաթերթին ու լրիվ համոզվեցի իմ սկզբնական ենթադրության ճշտության մեջ:

Տնեցիների հետ փորձեցինք գուշակել, թե ժամանակին ո՞ւմ համար է նախատեսված եղել այս հրատարակությունը: Այդպես էլ վերջնական եզրակացության չեկանք:

Բոլոր դեպքերում, սրտանց շնորհակալություն Լեվան Չ.-ին:
Didi madlob, cvirphaso Levani.

Մեր բանակը
[info]har8un
Համարյա ամեն օր լսում ենք, որ մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում: Հավատանք այս փաստին: Բայց ինչ ասենք այն փաստին, որ զորակոչիկը դեռ չանցած իր ծառայողական պարտականություններին մահանում է հոսպիտալում: Ինչ անուն տալ զինվորական կոմիսարիատներին, բժշկական հանձնաժողովներին: Իմ անձնական կարծիքով դա հանցագործություն է: Հանցագործություն մարդու նկատմամբ և հանցագործություն պետության դեմ. զինվորագրել հիվանդներին ի հաշիվ փողատեր առողջների, բանակը լցնել հիվանդներով:
Արդյոք պատասխան կտա՞ որևէ մեկը:

Իմ մանկության կինոն
[info]har8un
Հմա, գյուղում թե քաղաքում երեխաները տառաճանաչ են դառնում համակարգչի ստեղնաշարի վրա, "նստում" են ինտերնետում, "կռիվներ" խաղում տարբեր խաղային համակարգիչների վրա: Հետաքրքիր կլիներ հիշել մեր ժամանակների մանկությունը:

Գյուղում կինոն, որ լինում էր ամիսը մեկ կամ երկու անգամ մեզ՝ երեխաներիս համեր իսկական տոն էր: Հենց միայն կինոյի բեռնատարի մուտքն արդեն ազդարարում եր մեր ուրախության սկիզբը: Մեծերը և փոքրերը անմիջապես շրջապատում էին կինոմեխանիկ Վառլամին ու տեղեկանում կայանալիք երեկոյի ծրագրին: Վառլամը պատմում էր կինոնկարի մասին, յուրովի ներկայացնելով սյուժեն ու թեման: Նրա ցուցակում կինոները լինում էին "հայկական", "շպիոնաժ", "պատերազմ", "սիրահարական" և, իհարկե, ամենամեծ մասսայականություն վայելող "հնդկական": Կոլ-վարչության նախագահը որոշում էր ինչքան վճարել սեանսի համար: Անհամաձայնության դեպքում սեանսը կլիներ վճարովի, որը մեզ համար նոր բարդություններ կառաջացներ: Գյուղում ոչ միայն երեխաների, այլ նաև ծնողների գրպանում բացառիկ դեպքերում էր փող լինում:
Վճարման հարցից ոչ պակաս հարց էր տեղի հարցը: Տաք եղանակներին կինոն ցուցադրվում էր բացոթյա: Եկեղեցու պատին հարմարեցնում էին սպիտակ սավանը՝ "էկրանը", կողքերին տեղադրում բարձրախոսները, իսկ պատի մյուս կողմում իր աղմուկով ներկայացման էր հրավիրում հոսանիքի գեներատորը՝ "դվիժոկը": Նախագահը, պարտկոմը և հաշվապահը անպայման ուշանում էին: Իսկ առանց նրանց կինոն չէր սկսվի:
Ձմեռը գյուղի կինոթատրոնն էր դառնում գյուղից դուրս գտնվող կոլխոզի ոչխարի գոմը: Դեռ մութը չընկած, ոչխարներին քշում էին գոմի մի կեսը, մյուսում տեղադրում մի քանի իշավոտնուկներ, մնացած տեղերը համարվում էին կանգնած տեղեր: Ոչխարները ըմբռնումով էին մոտենում, հետևելով "նեղ արա, տեղ արա" ասացվածքին, առավել ևս հնարավորություն ստանալով ձրի կինո նայելու: Մինչև մեծարգո ղեկավարության ժամանումը, մեզ՝ երեխաներիս համար հարմար հնարավորություն էր տրվում տաք գոմի փափուկ կոմաղբով ծածկված տարածքում սրտներիս ուզածի չափ վազվզելու, բռնոցի խաղալու ու կոխ բռնելու:
Կինոապարատը մեկն էր, ենթադրվող երկուսի փոխարեն: Դա ուներ նաև իր դրական կողմը: Չնայած կինոնկարը կտրտվում էր, բայց "չաստերի" փոխելուն հատկացվող մի քանի րոպեն գերազանց հնարավորություն էր տեսածը քննարկելու, միմյանց երես նայելու և անհասկանալի տեղերի մասին ամենագետ Վառլամին հարցեր տալու համար: Բացի Վառլամից ունեինք նաև մեր, սեփական "կինո բացատրողները" կամ "թարգմանողները": Բացատրությունը հիմնականում տեսածի ու հասկացածի պատմելն էր՝ "տեսեք, ձի նստեց, կրակեց, մեռավ": Իսկ ոչխարները անհողդոտ կինոռեժիսյորի մտահղացմանն ու կինոդերասաների վարպետ խաղին, անտարբեր էկրանին ներկայացվող դրամատիկ վիճակներին, հանգիստ որոճում էին: Մթան մեջ բազմերանգ պլպլում էին նրանց աչքերը, վախ ու սարսուռ առաջացնելով մեր մեջ:
Կինոն վերջանում է: Բոլորս բարձրաձայն կարդում ենք "Կոնեց ֆիլմա": Ճռճռացնելով ձյունը, ժողովուրդը ցրվում է իրենց տները: Երիտասարդները սուլում են կինոյում լսած մեղեդին(հիմնականում հնդկական):
Մյուս օրվանից բոլորը միմյանց պատմում են տեսածի հետաքրքիր դրվագները, քննարկում, վիճում հասկացած ու չհասկացածի մասին, մինչև հաջորդ կինոն:
Այսպիսին եր իմ մանկության ԿԻՆՈՆ:

ՊՈԿԵՐ (սեանսից հետո)
[info]har8un


- Ապե, էս մարդու փողերը դու ես կրե՞լ: Ետ ա ուզում:
- Ասենք կրել եմ, ի՞նչ ա եղել: Ցավդ տանեմ, Խաղալ չգիտեր, թող իրան մեյդան չգցեր: Ես ոչինչ էլ ետ չեմ տա: Դեռ մի բան էլ ինքն է պարտք մնում:

Բա որ
[info]har8un
Բա որ Լևոնին չընտրեմ, ինքը չանցնի, գլխներիս "հունիսի մեկ" սարքի՞: Կրակ գործ ա, հա:
:(

Գնամ ընտրեմ
[info]har8un
Վաղը գնամ և կատարեմ իմ քաղաքացիական պարտքը: Բա վոնց, հո պասիվ չե՞մ մնալու:
Ընտրելը ընտրեմ, բայց ո՞մ: Միգուցե ծառա Սիմոնի նման` որը պատահի՞:
Չէ, որոշել եմ: Կամ Չոռնի Գագոին, կամ Դոդի Գագոին: Մեկ է, Գագոն Գագո է, ինչ տարբերություն:
Բայց էս երկուսից Չոռնին ինձ մի շատ լավ սիդի է ուղարկել ուրիշ թղթերի հետ միասին: Թղթերը չեմ նայել, բայց սիդին ինձ շատ դուր եկավ: Երևանին նվիրված երգեր:Առնո Բաբաջանյան, Էդգար Գյանջումյան, ... Ֆորշ ու Սիրուշո` իր մամայի հետ:
Ստոպ: Իսկ դա ընտրակաշառք չլինի՞: Բա որ Չոռնիին ընտրեմ չի լինի, որ սիդիի համար եմ ընտրե՞լ: Նալլաթ չար սատանին, բա իմ խիղճը դրանից հետո հանգիստ կլինի՞:
Մյուս կողմից էլ բոլորն էլ լավ-լավ բաներ են խոստանում: Լևոնը` ռեժիմից մեզ ազատում և Վանոյի վերադարձ, Վահանը` թուրքական սահմանի ամրացում, Դոդը` Երևանի և նույնիսկ Հայաստանի բարգավաջ ապագա...
Բայց դե ոչ մեկն էլ սիդի չի նվիրել:
Գնում եմ ընտրեմ - "Քեզ համար Երևան": (Եթե միտքս չփոխեմ)
:)

Ураа, вот и море!
[info]har8un


Ураа! Вот и море!

23,09,2008
[info]har8un
Arajin grutjuny.
Առաջին գրությունը:

Home